20 հունիսի 2012 - 21:07 AMT
Վահե Էնֆիաջյանը դժգոհ է, որ կառավարության 40 էջանոց ծրագրում երիտասարդությանը 8 տող է հատկացված

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) երիտասարդական թևի ղեկավար, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բավական չի համարում կառավարության կողմից երիտասարդությանը հատկացվող ուշադրությունը: Նա հիշեցրել է, որ երիտասարդությունը հասարակության ամենախոշոր և գործունյա սոցիալական շերտերից մեկն է, որը, համաձայն Ազգային երիտասարդական զեկույի, կազմում է բնակչության ավելի քան 25 տոկոսը: «Եվ (կառավարության) մոտ 40 էջանոց ծրագրում դա արտահայտվում է 8 տողով»,- հայտնել է Էնֆիաջյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին` մեկնաբանելով խորհրդարանում իր այսօրվա քննադատությունը երիտասարդության ոլորտում կառավարության ծրագրի վերաբերյալ:

Նա, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ կառավարության ծրագրում նշվում է, թե երիտասարդության ոլորտում պետք է մշակութային, սպորտային, սոցիալ-տնտեսական և քաղաքական ծրագրեր իրականացվեն, և դրա համար պետք է երաշխիքներ լինեն: «Եվ ես դիմեցի վարչապետին հարցով` ի՞նչ երաշխիքներ են դրանք»,- նշել է պատգամավորը:

Էնֆիաջյանն անդրադարձել է նաև կառավարության ծրագրում հիշատակված երիտասարդ ընտանիքների համար հասանելի բնակարանի ծրագրին: «Մեր իրականության մեջ այն այդքան էլ հասանելի չէ: Եվ դա արդեն ոչ թե հարց էր, այլ ոչ մեծ հայտարարություն: Դա պետք է համապատասխանի իրականությանը, որպեսզի մենք բնակարանը հասանելի անվանենք, երբ այն իսկապես հասանելի է»,- հայտնել է նա:

Կառավարության բացթողումներից ԲՀԿ ներկայացուցիչը նշել է նաև երիտասարդության ոլորտում կառավարության կողմից լավ նախաձեռնության` Cragrer.am ծրագրի անհաջողությունը, որն արդեն գրեթե երկու տարի չի աշխատում:

Էնֆիաջյանը նկատել է, որ խորհրդարանում անհրաժեշտ է ոչ միայն խնդիրներ բարձրացնել, այլև հանդես գալ առաջարկներով:

Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ անգամ առկա միջոցներով կարելի է երիտասարդության ոլորտում մի շարք ծրագրեր իրականացնել: «Պետք է պարզապես հետևողական լինել: Ես չեմ ասում, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել արդեն վաղը, բայց արդեն ունեցած ռեսուրսներով կարող ենք տեսանելի առաջընթացի հասնել, այլ ոչ թե չիրականացնել նախատեսված ծրագրերն ու հետո միջոցները բյուջե վերադարձնել»,- նկատել է պատգամավորը: