20 հունիսի 2012 - 22:13 AMT
ԿԱՐԾԻՔ
ԲՀԿ և ՀԱԿ ընդդիմադիր մրցավազքը կամ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության ծրագիրը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը զեկուցեց կառավարության անցյալ տարիների գործունեության մասին, ինչպես նաև պատգամավորներին պատմեց մոտակա 5 տարվա ծրագրի մասին: Իսկ մինչ այդ Հայ ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունները հայտարարեցին, որ ընդդիմություն են, իսկ «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցությունը ձեռնպահ մնաց նման հայտարարությունից:

Սակայն ամենահետաքրքիրը սկսվեց այն ժամանակ, երբ պատգամավորները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղել վարչապետին և հանդես գալ հայտարարություններով: Եվ այստեղ պարզվեց, որ երբևէ կոալիցիոն ԲՀԿ-ն, որը վերջին տարիներին ինքնին իշխանություն էր և պատասխանատվություն էր կրում իրադրության համար երկրում, մտադիր է «դառնալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը» և անգամ ՀԱԿ-ի հետ մրցել ընդդիմադիր լինելու և նույնիսկ իր հարցերի ու հայտարարությունների կտրուկության մեջ:

Սկիզբը դրեց նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ բացահայտ դիմակայության մեջ մտավ գործող իշխանությունների հետ ի դեմս ՀՀԿ-ի: Օսկանյանը կառավարությանը հիշեցրեց նաև նրա լավատեսական բյուջեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նախաշեմին և ճգնաժամի ժամանակ տնտեսության 14%-անոց անկումը, որն ԱՊՀ-ում զիջեց միայն Ուկրաինային, և աղքատության աճին մինչև 35%: Նա հեգնանքով Տիգրան Սարգսյանին առաջարկել է պատասխանել այն հարցին, թե ինչպիսին պետք է լիներ անկումը տնտեսության մեջ, եթե «հաջող գործողությունների արդյունքում անկումը կազմել է 14 տոկոս»: Տիգրան Սարգսյանն արդարանալու համար նշել է, որ 14 տոկոս անկումից 10,5 տոկոսը բաժին էր ընկնում շինարարությանը, ևս 2,8 տոկոս կազմեցին անուղղակի հարկերը, իսկ այլ ոլորտներում անկումն այդքան մեծ չի եղել:

Սակայն դրանով ԲՀԿ գրոհը չավարտվեց, և գործի անցավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որը կոշտ քննադատության ենթարկեց Հայաստանի կառավարությանն ու կառավարության ղեկավարին: Հարկ է նշել, որ Զոհրաբյանի ելույթն իսկական ֆուրոր առաջացրեց: «Կառավարությունը, որի քաղաքականությունը փաստորեն մնալու է նույնը, ձախողել է նախկին ծրագիրըզ: Հիմա այդ կառավարությունն այսօր գրեթե նույն կազմով, նույն վարչապետի գլխավորությամբ, նույն ծրագրով ու գաղափարախոսությամբ ակնկալում է վստահության քվե: Ես մեծ վերապահումներով եմ նոր կառավարություն և նոր ծրագիր բառերն օգտագործում»,- ասաց նա: Զոհրաբյանի կարծիքով` ծրագրի առանցքում բացակայում են մեխանիզմները: «Ինչպես կարելի է ձախողել նախկին ծրագիրը և այսօր խրոխտ կեցվածքով գալ կանգնել և կրկին վստահության քվե ակնկալել: Ինձ համար սա տնտեսագիտական նոր խոսք է, նոր գյուտ»,- նշեց Զոհրաբյանը` հավելելով, որ ֆինանսական ճգնաժամը դարձավ «փրկօղակ, որի վրա կարելի է բարդել ձախողումները» (ըստ երույթին, ԲՀԿ պատգամավորը մոռացել է իր կուսակցության մասնակցությունը նախորդ կառավարությանը):

Զոհրաբյանի համոզմամբ` ինչ-որ մեկը պետք է պատասխան տա 14,5 տոկոս տնտեսական անկման համար: «Թե՞ կարելի է ոչնչի համար պատասխան չտալ, խրոխտ կերպով գալ, կանգնել ու ակնկալել վստահության քվե: Լրջագույն առաջընթացի համար անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրերց, որ կառավարության այս ծրագրին ԲՀԿ-ն միաձայն դեմ կքվեարկի:

Կուսակցությունում իր գործընկերոջ վառ ելույթը օժանդակեց կրկին Վարդան Օսկանյանը, որը կառավարությանը հիշեցրեց նախորդ կառավարության (2003-2007) տարիներին հայկական տնտեսության աճի միջին տեպմերի մասին` 13%: «Ձեր կառավարության թերությունն այն է, որ դուք չեք ընդունում ձեր սխալները: Այդպես է եղել վերջին տարիներին, դա արտահայտվեց նաև այսօր»,- հայտարարել է նա:

Ըստ Օսկանյանի, այն, ինչ կառավարությունը ներկայացնում է խորհրդարանում և այն, ինչ կատարվում է իրականում, բոլորովին չեն համընկնում: Նա նշել է, որ կառավարության պնդումը, թե վերականգնվել է ՀՆԱ մինչճգնաժամային մակարդակը, ճշմարտացի միայն նոմինալի առումով: Ւսկ եթե հաշվի առնենք գնաճն ու տնտեսության աճի ներկայիս տեմպերը, ապա մինչճգնաժամային մակարդակը հասանելի կլինի միայն 2014թ.: Օսկանյանը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ կառավարությունը, որը հպարտանում է, որ ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճտավել, արել է դա պետության արտաքին պարտքի ավելացման դիմաց՝ ՀՆԱ 17 տոկոսից այն հասցնելով 45 տոկոսի:

Օսկանյանը գտնում է, որ կառավարության ծրագիրը չի կարող 7-տոկոսանոց տնտեսական աճ ապահովել անկախ Եվրոպայում տիրող իրավիճակից: Նա նաև հեգնանքով նշել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները գոհ են ՀՀ կառավարության աշխատանքից: «Նրանք գոհ են ձեզանից, քանի որ դուք անում եք այն ամենն, ինչ նրանք ցանկանում են»,-ասաց նա:

Այժմ մնում է միայն սպասել վաղվան և կառավարության ծրագրի վերաբերյալ քվեարկությանը խորհրդարանում: Բնական է, որ խորհրդարանում ՀՀԿ - «Օրինաց երկիր» կոալիցիայի ճնշող մեծամասնության շնորհիվ ծրագիրը կընդունվի: Սակայն հետաքրքիր է մեկ այլ բան` արդյո՞ք ԲՀԿ-ից բոլոր պատգամավորները կօժանդակեն Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյանի ընդդիմադիր պոռթկմանը:

Առայժմ պարզ է մի բան. ՀՀԿ և ԲՀԿ միջև դիմակայությունը շարունակում է թափ հավաքել, և եթե կողմերը չպայմանավորվեն, ապա հակամարտությունն իր գագաթնակետին կհասնի 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News