21 հունիսի 2012 - 13:57 AMT
Աշոտյանը հիշեցրել է կոալիցիայի նախկին գործընկերներին, որ նրանք ևս պատասխանատվության իրենց բաժինն ունեն

ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, պատասխանել է նոր կառավարության ու նրա ծրագրի հասցեին հնչած քննադատությանը, մասնավորապես այն կուսակցություններին, որոնք տարբեր տարիներին կառավարության մաս են կազմել: Նա հիշեցրել է, որ նախկին կառավարությունը ձևավորվել էր 2007թ. և սկզբից նրան անդամակցել են ԲՀԿ-ն (մասնակցության 100 տոկոս կառավարության գործունեության տևողության առումով), «Օրինաց երկիրը» (80 տոկոս) և ՀՅԴ-ն (գրեթե 2 տարի՝ 40 տոկոս):

«Ինչ է նշանում «ձախողված կառավարություն» եզրույթը, եթե այդ ուժերը 40-100 տոկոսով այդ կառավարության մաս են կազմել»,-ասել է նա:

Աշոտյանը նշել է, որ նոր ծրագիրը հավանության է արժանացել ընտրություններում և հանդիսանում է առաջիկա 5 տարիների քաղաքական ծրագիրը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ այն դիտողությանը, թե իշխանությունները սովոր չեն լուրջ ընդդիմությանը, ապա Աշոտյանը հորդորել է նրանց չթերագնահատել ԱԺ նախորդ գումարումների ընդդիմադիր անդամներին:

Աշոտյանը ընդդիմությանը նորմալ ու քաղաքակիրթ քաղաքական պայքարի կոչ է արել, առողջ քննադատության կոչ, որն, ըստ նրա, միայն կհզորացնի իշխանություններին: Նա նաև հորդորել է նորմալ մարդկային հարաբերություններ հաստատել ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների միջև: Նա ափսոսանք է հայտնել, որ որոշ ընդդիմադիրներ նույնիսկ չեն բարևում հանդիպելիս և «նույնիսկ բարի ախորժակ չեն ցանկանում»: