21 հունիսի 2012 - 14:07 AMT
Առևտրի և զարգացման սևծովյան բանկը մտադիր է կրկնապատկել իր պորտֆելը Հայաստանում

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) դրական է գնահատում տնտեսական իրավիճակը երկրում և իշխանությունների գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ուստի մտադիր է մինչև 2014թ. կրկնապատկել իր պորտֆելը Հայաստանում: Այդ մասին հունիսի 21-ին Երևանում կայացած ՀՀ ֆինանսաների փոխնախարար Վարդան Արամյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովը: Ըստ նրա, 2011թ. բանկը հաստատել և ֆինանսավորում է 15 մլն եվրոյի ծրագրեր: «Մեր ռազմավարությունը Հայաստանում ենթադրում է պորտֆելի կրկնապատկում, իսկ դա նշանակում է, որ ևս 15 մլն եվրո պետք է ներդրվի մինչև 2014թ.»,-ասել է նա:

Կոնդակովը հավելել է նաև, որ բանկի մասնակից երկրների թվում Հայաստանն ամենից արդյունավետ է օգտագործում ԱԶՍԲ ֆինանսական գործիքները:

Հայաստնում բանկի ակտիվ պորտֆելը կազմել է 50,2 մլն եվրո, այն բավականին դիվերսիֆիկացված է՝ փոքր ու միջին բիզնեսի վարկավորում, արդյունաբերություն, էներգետիկա,, ենթակառուցվածքներ, ագրոբիզնես:

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը հունիսի 21-24-ը երկրորդ անգամ անընդմեջ իր տարեկան ժողովը կանցկացնի Երևանում: Հունիսի 22-ին տեղի կունենա «Հայաստան գործարար համաժողով. Աճի ու միջազգային փորձի հնարավորություններ» համաժողովը, իսկ հունիսի 24-ին տեղի կունենա ԱԶՍԲ կառավարիչների հանդիպումը: Նույն օրը նախատեսվում է մի շարք նախագծերի ստորագրում