21 հունիսի 2012 - 14:38 AMT
Բնապահպաններ. Սևանա լճից 320 մլն ջուր բաց թողնելու մասին կառավարության որոշումը ճնշումների հետևանք է

«Պահանջում ենք չեղյալ համարել Սևանա լճից խմելու ջուր բաց թողնելու մասին նախագիծը» նախաձեռնությունը կարծում է, որ Սևանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության որոշումը կամային որոշում է և ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել որոշակի ճնշումների հետևանքով:

Էկոլոգիական Հասարակական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացության պատճառաբանաություն է բերել այն, որ այս տարի երաշտ տարի է և ջրամբարներում ջուր չկա ոռոգման համար: Սակայն նախաձեռնության անդամներն այն կարծիքին են, որ այդ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ այս տարի եղել է բավականին ձյունառատ ձմեռ և անհնար է, որ ջրամբարներում ջուր չլինի:

Նախաձեռնության անդամները կարծում են, որ այս որոշման իրական պատճառներն այլ են. «Կամ խնդիր կա Սևանի ափը շինություններից ազատելու հասցնելու հետ, կամ կասեցնել ջրի մակարդակի բարձրացումը , որ ափամերձ շինությունները չմնան ջրի տակ, որ իրենք ստիպված չիլինեն այդ շինությունների սեփականատերերին փոխհատուցման գումարներ վճարել»,-նշեց նախաձեռնության անդամ Ինգա Զառաֆյանը:

Վերջինս նշեց նաև, որ իրենք դիմում են ներկայացրել մասնակցելու օրինագծի քննարկմանը սակայն դիմում է մերժվել է, իսկ մերժելու պատճառներ չկան: