21 հունիսի 2012 - 14:52 AMT
ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը հրաժարվում է հիմնախնդրի լուծման քաղաքակիրթ միջոցներից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ինչպես ասվում է նախարարության հայտարարության մեջ «մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները և հերթական անգամ հավաստում ենք մեր պատրաստակամությունը հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչերին և հանձնարարականներին:

Դրա հետ մեկտեղ ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների հայտարարությունները իր համար նպաստավոր ձևով, առաջադրել նախապայմաններ` դրանով իսկ տորպեդահարելով նշված նախաձեռնությունները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված առանցքային գործողությունների իրականացումը, ինչպիսիք են` սահմանային պատահարների հետաքննության մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը և այլն»:

«Ցավոք, պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից: Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը, որի պարտականությունների մեջ է մտնում տարածաշրջանում անվտանգության համար պայքարելը, հրաժարվում է հիմնախնդրի լուծման քաղաքակիրթ միջոցներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կդրսևորեն կառուցողականություն և կհրաժարվեն զինյալ-ուժային շանտաժի և դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից, որոնք սպառնում են տարածաշրջանի փխրուն անվտանգությանն ու կայունությանը:

Մենք վստահ ենք, որ միայն քաղաքական երկխոսության հունով, ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությամբ է հնարավոր հասնել առաջընթացի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ: