21 հունիսի 2012 - 19:20 AMT
Հորդանանում վայրէջք կատարած սիրիական կործանիչի օդաչուն փախցրել է ինքնաթիռը

Սիրիական ՌՕՈՒ օդաչուն փախցրել է ՄիԳ-21 կործանիչը և դրանով փախուստի դիմել Հորդանան, հաղորդում է Reuters-ը: Որոշ տվյալների համաձայն` ինքնաթիռը վայրէջք է կատարել Հորդանանի հյուսիսում գտնվող «Մաֆրաք» ռազմակայանում:

Վայրէջքից հետո օդաչուն Ամմանից քաղաքական ապաստան է խնդրել: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է Հորդանանի տեղեկատվության և հաղորդակցությունների նախարար Սամիհ ալ-Մաայթեն, նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ներկայումս օդաչուն գտնվում է Ամմանում, իշխանություններն ուսումնասիրում են նրա խնդրանքը:

Ավելի վաղ սիրիական իշխանությունները հաղորդել էին, որ ինքնաթիռը կորչել է ուսումնամարզական թռիչքի կատարման ժամանակ: SANA տեղական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ կործանիչը կառավարում էր Սիրիայի ՌՕՈՒ գնդապետ Հասան Համադան: