21 հունիսի 2012 - 18:52 AMT
Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Մարինյան թատրոնի նվագախմբի հետ

Անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հուլիսի 6-ին ելույթ է ուենալու Մարինյան թատրոնի նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիև) Ֆինլանդիայում: Ինչպես հայտնում է ջութակահարի պաշտոնական կայքը, նա կատարելու է Չայկովսկու ջութակի կոնցերտը Միկկելի քաղաքում, Martti Talvela Hall-ում:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, ուսումը շարունակել է պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Ռիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար։ Տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ տարին մի քանի անգամ։ Պարբերաբար մասնակցում է դասական երաժշտության երևանյան Վերադարձի փառատոնին։