21 հունիսի 2012 - 19:56 AMT
Գումարվել է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին` ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Ազգային ժողովը քննարկել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Լիցենզավորման ոլորտում առաջարկվող քաղաքականության նպատակն է պարզեցնել և հստակեցնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ինչպես նաեւ հեշտացնել լիցենզավորման գործընթացը:

Գաբրիելյանը ներկայացրել է նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթի առաջին նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել արտոնագրային վճար վճարող համարվելու դիմում-հայտարարությունը ներկայացնելու ցանկացած ամսվա ընթացքում: Առաջարկվում է նաեւ վերանայել արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածները` հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով տարվա ցանկացած ժամանակահատվածի համար համարվելու արտոնագրային վճար վճարող:

Փաթեթի վերջին` «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա ստուգումներ իրականացնելու ոչ միայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների, այլ նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների ճշտության ստուգման ուղղությամբ: