21 հունիսի 2012 - 19:59 AMT
Սերժ Սաչգսյանը կարևորել է դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման խնդիրը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն դատաիրավական համակարգի խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը մշտապես լինելու է իր անմիջական ուշադրության ներքո, և ինքն անձամբ է մասնակցելու դրա իրականացման բոլոր փուլերին: Սարգսյանի խոսքով, խորհրդակցության բոլոր մասնակիցները և նրանց ղեկավարած համակարգերի աշխատակիցները պետք է հասկանան, որ բարեփոխումը միայն դատական կամ իրավական համակարգի խնդիր չէ, այլ՝ պետական բոլոր կառույցների աշխատանքները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու խնդիր:

Նախագծում համապատասխան լրացումներ կատարելուց հետո, ՀՀ նախագահի կարգադրությամբ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագիրը կհաստատվի:

Սարգսյանը ծրագրի հիմնական նպատակների թվում շեշտադրել է դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման խնդիրը: Խորհրդակցության ընթացքում նշվել է նաև, որ քննարկվող ծրագրի նախագծի միջոցառումները հիմնականում ունեն հակակոռուպցիոն ուղղվածություն, և դրանց իրականացման արդյունքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար:

Օրակարգի հարցերի թվում զեկուցվել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների բաց նամակում արծարծված խնդիրները: