Փոխվարչապետը KfW բանկի պատվիրակության հետ քննարկել է խոշոր ջրամբարի վերականգնումը ֆինանսավորելու հարցը

Փոխվարչապետը KfW բանկի պատվիրակության հետ քննարկել է խոշոր ջրամբարի վերականգնումը ֆինանսավորելու հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս- Յոհան Շմիդտի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը մասնակցում էին KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Ֆիլիպ Գրաֆ ֆոն Շվերը, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Քննարկվեցին KfW բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, դեսպան Հանս- Յոհան Շմիդտը նշեց, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտին ուրախ է այն վստահության համար, որ ծրագրերը, որոնք իրականացվում են Գերմանիա-Հայաստան ֆինանսական համագործակցության շրջանակում, կշարունակվեն: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում իր դիվանագիտական գործունեության ընթացքում ցուցաբերված աջակցության համար:

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունները և երկկողմ, և Եվրամիության հետ համագործակցության շրջանակում` ավելացնելով, որ կառավարության հաջողությունները նաև պայմանավորված են նման արդյունավետ գործակցությամբ: Ա. Գևորգյանը նշեց, որ Գերմանիան Հայաստանի կառավարության կարևոր գործընկերներից մեկն է` պայմանավորված իրականացվող ծրագրերի բազմակողմանիությամբ և դրանք ընդլայնելու առկա հնարավորություններով:

Նա կարևորեց մարզերում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման վարկային ծրագրով իրականացվող աշխատանքները, հույս հայտնելով, որ դրանք կդառնան կառավարության ծրագրի այս տարվա տնտեսական աճի խթանիչներից մեկը:

Փոխվարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է մնում մեծ տարողունակությամբ ջրամբարի կառուցման հարցը և կարևորեց Կապսի ջրամբարի վերակառուցումը` բարձրացնելով KfW- ի ֆինանսավորմամբ այն իրականացնելու հնարավորությունը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---