Հովիկ Աբրահամյան. Կատարված սխալները պետք է շտկել հետևողական ու համատեղ աշխատանքով

Հովիկ Աբրահամյան. Կատարված սխալները պետք է շտկել հետևողական ու համատեղ աշխատանքով

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին շարունակել է կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Արտահերթ ելույթով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա կարևորել է քննարկումները նախ այն պատճառով, որ խորհրդարանի առաջին լիարժեք աշխատանքային նիստն էր, որտեղ համակողմանի և ըստ էության բանավեճ էր ընթանում:

Նա նկատել է, որ իր համար արդեն հստակ է, որ արդյունավետ են լինելու ԱԺ աշխատանքները, քանի որ ձևավորվել է լավ խորհրդարան: Նա կարևորել է նաև Ազգային ժողով-կառավարություն առաջին քննարկումը:

«Կառավարության ծրագրի քննարկումը հենց այն մասին էր, որ պարտադիր չէ ընդդիմության ներկայացուցիչներն ամեն ինչ ասեն ու անեն, միայն թե դեմ լինի իշխանությանը, և հակառակը պարտադիր չէ, որ իշխանության ներկայացուցիչների ասածները միշտ լինեն անընդունելի: Սա քաղաքական բանավեճ էր, ապագայի ճանապարհի ընտրության վերաբերյալ մոտեցումների բախում էր, և հենց դրա համար ենք մենք այստեղ ու դրա համար են մեր ընտրողները մեզ գործուղել խորհրդարան: Ես համարում եմ, որ մեր աշխատանքների սկիզբը արդյունավետ ապագա է խոստանում, եւ դա ինձ անկեղծորեն ուրախացնում է»,-ասել է ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` կառավարությունն իրականում ներկայացրել է իրատեսական և ընդգրկուն փաստաթուղթ, որը արդեն հարյուր հազարավոր քաղաքացիների պաշտպանությանն է արժանացել, քանի որ ուղղակիորեն կազմված է Հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիման վրա:

Ըստ Աբրահամյանի` Կառավարության ծրագիրը երկրում փոփոխությունների անհրաժեշտության գիտակցմամբ կազմված փաստաթուղթ է:

ԱԺ նախագահը նշել է, որ ոչ մեկը չի ժխտում կատարված սխալները, բայց դրանք պետք է շտկել հետևողական ու համատեղ աշխատանքով: Նրա համոզմամբ` պետք է միանալ ողջամիտ, կառուցողական առաջարկներին, եթե նպատակը երկրի զարգացումն է ու կայուն տնտեսական աճ ապահովելը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---