22 հունիսի 2012 - 12:27 AMT
Կառավարությունը նպաստում է տեխնիկական բյուրեղների ու սապֆիրների արտադրությանը

Կառավարությունը հունիսի 22-ի նիստում թույլ է տվել ներդրումային ծրագրի շրջանակներում «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչև երեք տարի ժամկետով:

Ինչպես ասաց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ընկերությունը անհրաժեշտ սարքավորումներ ձեռք կբերի 4,2 մլրդ դրամով, իսկ արտադրանքը հիմնականում կարտահանվի:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ «Աստրա» հայ-շվեյցարական ընկերության այցելության ժամանակ, որը զբաղվում է ճշգրիտ ճարտարագիտությամբ, նա ծանոթացել է արդեն գործող արդիական սարքավորման հետ: Վարչապետը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ այդ ձեռնարկությունը կարևոր դեր կունենա արդյունաբերության զարգացման ծրագրի իրագործման մեջ:

2011թ. ընկերությունն արտադրել է 34,5 մլն դրամ ընդհանուր գումարի արտադրանք, ինչն ավելի է 2010թ. ցուցանիշից 132,7 տոկոսով, իսկ իրացման ծավալները կազմել են 31 մլն դրամ, որից 8 մլն դրամի ապրանք արտահանվել է:

2011թ. «Աստրա» ձեռնարկության հիման վրա ստեղծվեց նաև «Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ն, որտեղ կկազմակերպվի տեխնիկական բյուրեղների աճեցում և մշակում, ինչպես նաև կարտադրվի տեխնիկական սապֆիրի մաքուր հումք: Արդիական տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն կտա տարեկան արտադրել մինչև 2 տոննա բյուրեղ և մինչև 3 տոննա մաքուր հումք: Առաջնային հումքը կստացվի Չինաստանից ու ԱՊՀ-ից:

Ներդրումային ծրագիրը նոր գործարանի համար կազմում է 9 մլն դոլար, որի շրջանակներում 2012թ. ավարտին շինարարությունը կավարտվի: Կստեղծվի 20 նոր աշխատատեղ 180 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ արտադրանքը կարտահանվի Չինաստան, Ռուսաստան և ԵՄ երկրներ, հայտնում է կառավարչության մամլո ծառայությունը: