22 հունիսի 2012 - 12:31 AMT
Բակո Սահակյանի կարգախոսը նախագահական ընտրություններում կլիանի «Շարունակենք սկսածը` հանուն Արցախի»

Երեկ՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրը ԼՂՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանն իր քարոզարշավը սկսել է արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եւ անհայտ կորածների հարազատների, Մեծ հայրենականի վետերանների հետ հանդիպումով:

Բակո Սահակյանի ելույթն ավելի շատ իր պաշտոնավարման տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփում էր: «Շարունակենք սկսածը` հանուն Արցախի» կարգախոսով է գործող նախագահը ներկայանում ընտրողներին:

Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը խոստովանել է, որ 2007-ի նախընտրական ծրագրի ոչ բոլոր դրույթներն են իրականացվել իր պաշտոնավարման տարիներին, բայց եւ երկրի առաջնային ոլորտներում առաջընթացը, ըստ նրա, զգալի է. տարիների ընթացքում բավականին աշխատանքներ են իրականացվել ժողովրդագրական վիճակի բարելավման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ, բարձրացվել են թոշակներն ու նպաստները, տարեցտարի ավելացել են շինարարությանն ուղղվող գումարները եւ այլն: Նախագահը հանդիպման ժամանակ խոստովանել է նաեւ, որ առաջընթացը բավարար համարել չի կարելի կադրային քաղաքականության մեջ:

«Ով ուզում է տեսնել, նա կտեսնի այն դրականը, որ մենք ունեցել ենք այս 5 տարիների ընթացում: Մենք կարողացել ենք հասնել այս ամենին մեր քաղաքացիների եւ ողջ ժողովրդի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ես գնահատում եմ մեր ձեռքբերումները եւ կուզենայի, որ այն ունենա դրական աճի դինամիկա»,- նշել է Բակո Սահակյանը, ով նաեւ պատասխանել է ներկաների հարցերին, որոնք հիմնականում սոցիալ-կենցաղային բնույթի էին:

Նախագահի թեկնածու Բակո Սահակյանն այդ հանդիպումից հետո այցելել է Մարտակերտի շրջան, որտեղ հանդիպել է մի քանի գյուղերի բնակիչների հետ