22 հունիսի 2012 - 17:51 AMT
Կայացել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Մրցույթն անցկացվել է 5 առարկայական խմբերի՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», բնագիտական՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների միջև: Դասվարները մրցույթում ներառվել են անցյալ տարվանից:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 1-ը, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերին:

Սահմանված կարգի համաձայն՝ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված են նաև դրամական պարգևներ:

Կրթության և գիտության նախարարության մամուլի բաժնի հաղորդմամբ, մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է 39 ուսուցիչ:

Եզրափակիչ փուլը բաղկացած է երկու` բանավոր և գրավոր մասերից, որոնք անցկացվում են միևնույն օրը: Բանավոր փուլի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ և բանավեճեր, իսկ թեստային փուլը ներառում է առարկայի դասավանդման մեթոդների վերաբերյալ հարցաշար:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ արդեն 9-րդ տարին անընդմեջ: Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը, կարևորելով ձևավորված համագործակցությունը, ընդգծել է, որ մրցույթի նպատակն է հանրային և հոգևոր կյանքում մանկավարժի դերի և հեղինակության բարձրացումը: Նա նաև նշել է, որ նախատեսվում է մրցույթի շրջանակն ընդլայնել՝ առաջիկա տարիներին կընդգրկվի նաև «լավագույն դաստիարակ» անվանակարգը, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները ևս հնարավորություն ունենան մասնակցել մրցույթին: