Փոխվարչապետը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանին, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին` համատեղ արդյունավետ աշխատանքի և մարզում կառավարության ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացման համար:

Փոխվարչապետը հաջողություն մաղթեց Էդգար Ղազարյանին հետագա գործունեության մեջ` նշելով, որ նա քաջատեղյակ է ոլորտին և մարզի խնդիրներին, իսկ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Ա. Գևորգյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետն իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր ծրագրերի կյանքի կոչման գործում:

Նորանշանակ մարզպետի ուղեկցությամբ փոխվարչապետն այնուհետև Եղեգնաձորից մեկնեց Ջերմուկ, ծանոթացավ այն բազմաբնակարան շենքերի վիճակին, որոնց տանիքների վերանորոգումը նախատեսվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով հատկացված շուրջ 40 մլն դրամով: Զեկուցվեց, որ աշխատանքներն արդեն կմեկնարկեն առաջիկա օրերին:

Տեղում քննարկվեցին նաև Ջերմուկի հիմնական կամրջի վերանորոգմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ «Կամուրջշին» ընկերությունը երկշաբաթյա ժամկետում կներկայացնի կամրջի վերանորոգման նախագծանախահաշվային փաթեթը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---