22 հունիսի 2012 - 20:55 AMT
ԿԱՐԾԻՔ
Ղարաբաղյան հակամարտություն. Սաբինա Ֆրեյզեր, փայտի'ն խփեք

Ըստ արդեն տարիներով ձևավորված ավանդույթի` ղարաբաղյան գործընթացում ցանկացած ակտիվության դեպքում մեկնաբանություններով հանդես է գալիս Միջազգային ճգնաժամային խումբը` ի դեմս իր անփոխարինելի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերի: Եվ ըստ նույն այդ ավանույթի` Սաբինա Ֆրեյզերի շուրթերից հնչում են ոչ թե իրատեսական, այլ խիստ մռայլ ապագայով սպառնացող բացառապես հոռետեսական հայտարարություններ:

Այս անգամ Ֆրեյզերը, օգտվելով լարվածությունից Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում և հայ-ադրբեջանական հարաբերություններում, հերթական անգամ շուտափույթ պատերազմ է կանխագուշակել, ինչպես դա անում է վերջին մի քանի տարիներին: «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները կարող են պատերազմի վերածվել տարածաշրջանում, որտեղ BP ընկերությունն ու նրա գործընկերները $35 միլիարդ են ներդրել էներգետիկ նախագծերի մեջ: Շփման գծում Ադրբեջանի և Հայաստանի կողմից վերահսկողությունը թույլ է, միջազգային մոնիթորինգ գրեթե չկա: Լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են բռնկվել պատահաբար` որպես կողմերի պատասխան գործողությունների արդյունք»:

Ընդ որում, ըստ երևույթին, չցանկանալով նմանվել հոռետես Կասանդրային և քննադատության արժանանալ Երևանի ու Բաքվի կողմից, Սաբինա Ֆրեյզերը շտապել է հավելել, որ «ո'չ Ադրբեջանը, ո'չ էլ Հայաստանը կարճաժամկետ հեռանկարում լայնամասշտաբ հարձակում չեն ծրագրում»: «Եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսեն, դա երկարատև պատերազմ կլինի, քանի որ կողմերից ոչ մեկը մյուսի հանդեպ մեծ առավելություն չունի: Պարզ չէ նաև, թե ինչպես կարձագանքեն Ռուսաստանն ու Թուրքիան: Նրանք կարող են ներգրավվել իրենց կողմից տրամադրած անվտանգության երաշխիքների պատճառով»,- նշել է նա` նկատի ունենալով, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Գյումրիում և պարտավոր է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերել, քանի որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամներ են, իսկ Ադրբեջանը սերտ էթնիկ, քաղաքական և տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ:

Հարկ է նշել, որ ոչ մեկ չի սիրում մռայլ կանխատեսումներ: Չեն սիրում ո'չ Հայաստանում, ո'չ էլ Ադրբեջանում: Սակայն Ֆրեյզերին դա առանձնապես չի շփոթեցնում, և նա շարունակում է համառորեն պատերազմ կանխատեսել` առավել սրելով իրադրությունը: Մեկ էլ տեսար` դիպավ թիրախին:

Իզուր, Սաբինա Ֆրեյզեր, ավելի լավ է փայտի'ն խփեք:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News