Էրեբունի ամրոց է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն

Էրեբունի ամրոց է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ի առավոտյան Էրեբունի ամրոց է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և դեսպանության մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցությամբ:

Հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների ծրագիրը նախատեսված է 2012-2015 թվականների համար և ֆինանսավորվում է “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների կողմից: Պեղումների այս գործաշրջանում “Էրեբունի” արգելոց-թանգարանը հանդես է գալիս նաև որպես պեղումների ձեռնարկող:

Պեղումների նպատակը և նշանակությունը ներկայացրել են ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Ստեֆան Դեշամպը նշել է, որ Էրեբունին հետաքրքիր հնավայր է և իր ճարտարապետության և հայտնաբերված հնագիտական առարկաների տեսանկյունից: Նա Էրեբունին գնահատել է որպես կարևոր հնագիտական հուշարձան` ողջ Մերձավոր Արևելքի համար: Դեսպանի հետ զրույցում Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը բազմիցս կարևորել է Էրեբունիի դերը Երևան մայրաքաղաքի համար և շեշտել է հնավայրը հանրությանը նորովի ներկայացնելու բարելավումների անհրաժեշտությունը:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ֆրանսիացի գործընկերների հետ աշխատում են համատեղ ցուցահանդեսի շուրջ, որը կրելու է “Էրեբունի. երեկ և այսօր” խորագիրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---