25 հունիսի 2012 - 11:38 AMT
«Ապրել եմ ուզում». Երիտասարդները ոչ են ասում թմրանյութերին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ հունիսի 26-ին՝ ժամը 19.00, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում`«Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում, թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով, ելույթ կունենա «Դորիանս» խումբը։

«Ապրել եմ ուզում» խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետևանքների մասին։ Ակցիայի ընթացքում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներն իրենց պատկերած նկարների միջոցով հանրության ուշադրությունը կսևեռեն այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա։

Միջոցառման ավարտից հետո ուսանողների նկարները կնվիրվեն տարբեր բուժհաստատությունների։

Նշենք, որ հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն սահմանվել է 1987 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։