25 հունիսի 2012 - 14:10 AMT
Քաղաքագետ. Բակո Սահակյանից բացի, Արցախի նախագահի պաշտոնի մյուս թեկնածունները քաղաքական հետաքրքրություն չեն ներկայացնում

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում գործող նախագահ Բակո Սահակյանից բացի առաջադրված մյուս թեկնածունները որպես թեկնածու իրական չեն և քաղաքական առումով հետաքրքրություն չեն ներկայացնում։

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը` նշելով, որ «Առհասարակ Արցախի ընտրություններն ընդամենը քաղաքական ներկայացում է, քանի որ Արցախը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի մի մաս և մարդիկ, ովքեր կարծում են, որ օգուտ են տալիս ցույց տալով, որ այն անկախ պետություն է, սխալվում են»։

«Հաճախ այն ընտրությունները, ինչ լինում են ՀՀ-ում` ուղղակի պրոեկցվում է Արցախի վրա, քանի որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Արցախը մեզ համար ավելի շատ մարզի կարգավիճակ ունի»,–ասաց քաղաքագետը։

Արմեն Աղայանի համոզմամբ, Արցախի բնակիչները պետք է իրավունք ունենան մասնակցելու ՀՀ-ում տեղի ունեցղ նախագահական և ԱԺ ընտրություններին` ելնելով այն հանգամանքից, որ Արցախը Հայաստանի մի մաս է։ Ըստ նրա` չկա որևէ իրավական փաստատթուղթ , որը հակառակն է ապացուցում:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով, նմանատիպ հայտարարությունները կասկածի տակ են դնում Արցախի ընտրությունների որակը և պետք է հնարավորինս զերծ մնալ դրանցից։

«Մենք միջազգային հանրության առջև խնդիր ունենք Արցախը ցույց տալու որպես ժողովրդավարական պետություն, քանի որ մենք դեռ ունենք Արցախի անկախության ճանաչման խնդիր: Արցախն ունի խնդիր դրսևորվելու որպես իրավական հավասարության և ժողովրդավարական կարգերի ետևից գնացող պետություն»,–ասաց պատգամավորը։