1 հոկտեմբերի 2004 - 23:20 AMT
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՍԵՐԳԵՅ ՄԻՐՈՆՈՎԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր երկօրյա այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում խոսնակները, մասնավորապես, քննարկել են միջտարածաշրջանային համագործակցությանը, միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ստորագրել են ահաբեկչությանը հակահարված տալու նախապես համաձայնեցրած հայտարարություն: Ռուսաստանյան պատվիրակությունն այցելել է հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել հուշարձանին: Այնուհետեւ կայացել է հանդիպում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հոկտեմբերի 2-ին, ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահը կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ կմասնակցի Հայ-ռուսական տարածաշրջանային համագործակցության կենտրոնի բացմանը: