4 հոկտեմբերի 2004 - 20:46 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ, որը պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում հոկտեմբերի 1-2: Ինչպես հաղորդել է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում Ռ.Քոչարյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Օգտակար համարելով Հայաստանի ղեկավարության հետ վարած բանակցությունները` Սերգեյ Միրոնովը իր հերթին նշել է ահաբեկչության դեմ պայքարին հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այդ չարիքի դեմ միջազգային հանրության ջանքերի միավորումը: Նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունների տվյալ փուլում տեղի է ունենում փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացում, Հայաստանի նախագահը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները պետք է հիմնված լինեն տնտեսության բնագավառում համագործակցության վրա: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նաեւ ուղղակի շփումների ընդլայնման եւ Հայաստանի ու Ռուսաստանի վարչական սուբյեկտների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ այն խնդիրները, որոնք ծագել են Ռուսաստանի կողմից ռուս-վրացական սահմանում «Վերին Լարս» վերահսկիչ-անցագրային կետի փակման արդյունքում, մասնավորապես կապված հայկական բեռների պարապուրդի հետ: