26 հունիսի 2012 - 13:58 AMT
Միայն մեկ արագաչափի միջոցով ՃՈ-ն մեկ ամսում 685 000 դրամ է աշխատել

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունն անտեսել է ճանապարհային նշանների ու սարքերի տեղադրման կառավարական որոշման դրույթները, որի արդյունքում ընդամենը մեկ ամսում նրան հաջողվել է աշխատել 685 000 դրամ: Ինչպես հունիսի 26-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, կազմակերպությունը մոտ 200 բողոք է ստացել ապրիլի 20-ին Բյուզանդի փողոցում արագաչափի տեղադրումից հետո, քանի որ այն այնպես է տեղադրված, որ տեսանելի չէ վարորդների համար:

Փորձագետը պարզաբանել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սարքը պետք է տեսանելի լինի վարորդին 100 մ տարածությունից, սակայն, պարզվել է, որ այն ծածկված է եղել ծառերի ճյուղերի ետևում և վարորդները թույլատրելի 40 կմ/ժ արագության փոխարեն ընթացել են 60 կմ/ժ արագությամբ: Կազմակերպության անդամները փորձել են պարզել իրավիճակը և նույնիսկ լուսանկարներ են արել: Մեկ ամիս անց քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկեց և կտրեց խանգարող ճյուղերը:

Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, կազմակերպության անդամները օգնեցին վարորդներին բողոքարկել տուգանքները դատարանում, սակայն դատավորն ինքը՝ պարոն Բաբայանը, վճիռ կայացրեց, որ այդ արագաչափը տեսանելի է 18մ տարածությունից 85 աստիճան անկյունի տակ: «Այստեղ ակներև է կառավարության որոշման խախտումը»,-ասել է նա: Մասնագետը նշել է, որ այժմ կա վարորդների իրազեկման խնդիր ճանապարհատրանսպորտային երթևեկության մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահը նաև հայտնել է, որ 40 օրում, երբ արագաչափը տեսանելի չէր, արձանագրվել է 685 000 դրամի մոտ 600 խախտում: Բազմաթիվ բողոքներից հետո ՀՀ ՃՈ-ն փոխել է արագության թույլատրելի նիշը՝ հասցնելով այն 71 կմ/ժ արագության: