26 հունիսի 2012 - 12:47 AMT
«Երիտասարդություն»–ը շարունակում է ջանքեր գործադրել բանակի իմիջի բարձրացման գործում

«Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը 2011թ. աշնանը նախաձեռնել է Համահայկական Բանակ Շարժումը, որի երկրորդ փուլը մեկնարկել է սույն թվականի մայիսի 5-ին: Շարժման նպատակն է ամրապնդել Սփյուռք – Հայաստան – Արցախ կապը, հայ երիտասարդների ներուժը ներգրավել պետականաշինության ու բանակի հզորացման գործին, նպաստել բանակ – հասարակություն կապի ամրապնդմանը: Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համահայկական բանակ շարժումը նախատեսում է`հավաքագրել մոտ 50 կամավոր երիտասարդների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից. պայմանականորեն կազմավորվելով 1 վաշտ` բաղկացած 5 դասակից: Կազմակերպել եռամսյա սեմինար դասընթաց, հետևյալ ողղություններով ՝ ռազմական պատրաստություն (կրակային պատրաստություն, ինքնապաշտպանության դասընթացներ, ծանոթացում զինվորական առօրյաին), քաղաքացիական պաշտպանություն, առաջին օգնություն, մշակութային միջոցառումներ (Զինված ուժերում միջոցառումների կազմակերպում, ազգային պարերի ուսուցում), սպորտային միջոցառումներ (խմբային և անհատական սպորտային միջոցառումների կազմակերպում, ծանոթացում հին հայկական խաղերին, ինքնապաշտպանության դասընթացներ), թեմատիկ սեմինար-դասընթացներ (հոգեբանական, բժշկական, իրավական, պատմական, էթիկայի և այլն), հոգևոր արժեքների պահպանում (Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների և հասարակական գործիչների հետ ազգային, հոգևոր թեմաներով հանդիպումներ, քննարկումներ), ստեղծել լրագրողական խումբ՝ Հայոց բանակի իմիջի բարձրացման նպատակով։

«Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը «Համահայկական Բանակ Շարժում» ծրագրի շրջանակներում ակտիվորեն համագործակցում է ՀՀ պաշտպանության, ՀՀ սփյուռքի և ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Հունիսի 26-ին շարժման հյուրն է լինելու ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բանախոսության թեման՝ «Սփյուռք – Հայաստան – Արցախ, ռազմահայրենասիրական կապեր»:

Հանդիպումը տեղի կունենա Հանրապետության 37 հասցեում (մուտքը Մելիք Ադամյանի կողմից, եկրորդ հարկ), ժամը 17:00-ին: