4 հոկտեմբերի 2004 - 23:27 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-19-ը կկազմակերպվի միջազգային ուսումնասիրողական այց Լեռնային Ղարաբաղ «Երիտասարդական աշխատանքը հակամարտությունների տարածաշրջաններում. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ մասնակցություն» խորագրով: Նախագծի նպատակն է. միջազգային եւ արտասահմանյան կազմակերպություններին հնարավորություն ընձեռել ծանոթանալ Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակին, աջակցել Ղարաբաղի երիտասարդության միջազգային մեկուսացման վերացմանը, երիտասարդության մասնակցությանը հասարակության քաղաքական կյանքին, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մեխանիզմների զարգացմանը: Նախագիծը կնպաստի նաեւ միջազգային երկխոսության մեխանիզմների զարգացմանը, խաղաղ գոյակցությանը հակամարտություն եւ պատերազմական գործողություններ վերապրած երիտասարդության շրջանում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի տարբեռր կազմակերպությունների արձագանքը ոչ կառուցողական էր: Այդպես Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովը կոչ է արել միջազգային կազմակերպություններին անտեսել Լեռնային Ղարաբաղում նախաձեռնվող կոնֆերանսը: