26 հունիսի 2012 - 15:53 AMT
«Շորն ու Շորշորը» ֆիլմը կբացի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի` 1926թ. ստեղծված «Շորն ու Շորշորը» կատակերգությամբ (ըստ` Մ.Բագրատունու պատմվածքի): Ինչպես հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը, ֆիլմը կներկայացվի Վահագն Հայրապետյանի և նրա ջազ-խմբի նոր երաժշտական ձևավորմամբ:

Երաժշտությունը կհնչի կենդանի:

Ֆիլմը անբան ու հարբեցող երկու ընկերների՝ Շորի և Շորշորի զվարճալի արկածների պատմությունն է: Ֆիլմի սցենարի հեղինակը Հ. Բեկնազարյանն է, օպերատորը Ա.Յալովոյը, նկարիչը` Մ.Սուրգունովը:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են Հ.Խաչանյանը (Շոր) , Ա.Ամիրբեկյանը (Շորշոր), ինչպես նաև Ն.Մանուչարյանը (Շորի կինը), Ե.Ադամյանը (Շորշորի կինը), Ա.Ավետիսյանը (Վարդան), Գ.Ավետյանը (ջրաղացպան), Ա.Հարությունյանը (Օհան), Բ.Մուրադյանը (Ղուկաս), Մ..Գարագաշը (Սատանա), Հ.Ստեփանյանը (գյուղապետ) և Տ.Շամիրխանյանը (Վահան):

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: Կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը:

Փառատոնի ընթացքում 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը:

Այս տարի փառատոնի նախագահն է լինելու հայտնի իսպանացի կինոռեժիսոր, Վիկտոր Էրիսեն, ով եղել է Կաննի 2010 թ. ժյուրիի կազմում:

Արդեն 7-րդ տարին անընդմեջ «Ոսկե ծիրանի» հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: