26 հունիսի 2012 - 15:56 AMT
Կաննի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմը կեզրափակի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կեզրափակվիԿաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» (Amoure) ֆիլմով: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր Միխայել Հանեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրետինյանի, Էմանուելլա Ռիվայի և Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի` երաժշտության ուսուցիչներ Աննի և Ժորժի, սիրո փորձության պատմությունն է:

Ինչպես հայտնում է «Ոսկե ծիրան» փառատոնի մամլո ծառայությունը, «Երևանյան պրեմիերաների» ծրագրում կցուցադրվեն նաև Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` Ուես Անդերսոնի «Լուսնկայի թագավորություն»-ը (Moonrise Kingdom), Կաննի հիմնական մրցույթի մասնակից «Բլուրներից այն կողմ» (Beyond the Hills) (ռեժ.` Քրիստիան Մունջու) և «Դրախտ. սեր» (Paradise: Love) (ռեժ.` Ուլրիխ Զայդլ) ֆիլմերը:

Փառատոնի ՖԻՊՐԵՍԻ մրցանակակիրներ «Մշուշում» (In the Fog) (ռեժ.`Սերգեյ Լոզնիցա) և «Իշխանավորը» (The Minister) (ռեժ.`Պիեռ Շյոլեռ) ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում: