26 հունիսի 2012 - 17:50 AMT
Թեհրանը կոչ է անում վերանայել ԵՄ որոշումը հուլիսի 1-ին նավթային էմբարգոն գործարկելու մասին

Պաշտոնական Թեհրանը Եվրամիությանը կոչ է անում վերանայել նախօրեին ընդունված որոշումը հուլիսի 1-ից իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու մասին:

ՌԲԿ-ի հաղորդմամբ, համապատասխան հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

Նրա խոսքով` իրանական կողմը մտադիր է այդ հարցի շուրջ բանակցություններ վարել Կիպրոսի հետ, որը հուլիսի 1-ից նախագահելու է Եվրամիությունում:

Սալեհին ենթադրում է, որ Կիպրոսի հետ բանակցությունների միջոցով կհաջողվի հարթել Եվրոպական Միության հետ վերջերս զարգացած հակասությունները:

«Մենք հուսով ենք, որ Եվրամիությունն ավելի ռացիոնալ և խելամիտ կերպով կդիտարկի այդ հարցը, քանի որ, ըստ իս, թշնամանքը կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը: