26 հունիսի 2012 - 18:24 AMT
Միշել Պլատինի. Ես դեմ եմ, որ մրցավարը նստի մոնիտորի առջև և խորհուրդներ տա

Անարդարացիորեն չգրանցված գոլը Եվրոպայի առաջնության Ուկրաինա-Անգլիա խաղում չհամոզեց ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին, որ ֆուտբոլում հարկավոր է ներմուծել դարպասների գրավումը որոշող համակարգ՝ (GLT):

Ուկրաինացի հարձակվող Մարկո Դեվիչի հարվածից հետո գնդակը հատեց դարպասի գիծը, անկախ անգլիացի պաշտպան Ջոն Թերրիի ջանքերից, սակայն դարպասների ետևում կանգնած մրցավարը, որը պետք է հետևի նման պահերին, դա չնկատեց:

Արդյունքում անգլիացիները հաղթեցին 1:0 հաշվով և դուրս եկան Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ:

«Ուկրաինայի հավաքականի հարձակումը սկսվեց օֆսայդից: Ինչ նշանակություն ունի գոլը, եթե դատավորը մինչ այդ չնկատեց խաղից դուրս վիճակը: Խաղն արդեն պետք է դադարեցվեր»,-հայտարարել է Պլատինին The Independent-ին տված հարցազրույցում:

«Ինչո՞ւ եմ ես դեմ GLT-ին: Ահա գոլ է խփվում, մենք հետ ենք տալիս պատկերը և տեսնում ենք, որ օֆսայդ է եղել: Եվ ի՞նչ պետք է անենք»,-հարց է տալիս եվրոպական ֆուտբոլի առաջնորդը:

Նա հիշեցրել է, որ ՈւԵՖԱ-ի կողմից դարպասների ետևում լրացուցիչ մրցավարների տեղադրման որոշումից երեք տարի առաջ Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում ոչ մի սխալ չկար՝ 12 անգամ գնդակը հատեց գիծը և մրցավարն ամեն անգամ դա նկատեց:

«Ես դեմ եմ, որ մրացավարը նստի մոնիտորի առջև և խորհուրդներ տա: Սա GLT հարց չէ, դա ֆուտբոլում տեխնոլոգիաների կիրառման հարց է և ես դրան կտրականապես դեմ եմ»,-ասել է Պլատինին:

ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ հարկավոր է կիրառել GLT կասկածելի դեպքերում: Հուլիսի 5-ին, Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB), որ լիազորված է փոխել խաղի կանոնները, հատուկ նիստ կանցկացնի, որտեղ GLT կարող է կյանքի կոչվել:

«Բրիտանացիներն ու ՖԻՖԱ-ն, ըստ իս, պատմական սխալ են գործում»,-եզրակացրել է Պլատինին: