26 հունիսի 2012 - 17:39 AMT
9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության

Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի կրթությանը վերաբերող հատվածի հիմքում ընկած են ՀՀԿ նախընտրական ծրագիրը և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Դիտարկվել են նաև քաղաքական այլ ուժերի առաջարկները, որոնք, նախարարի խոսքով, հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, իսկ կրթության բովանդակությանը վերաբերող առաջարկներ գրեթե չեն եղել: Նախարար Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ հաստատված կրթական ծրագիրը մարդակենտրոն է և ընդգծում է կրթական համակարգում փոփոխությունների շարունակականությունը: «Գլխավոր գաղափարախոսությունը կրթական բարեփոխումների շարունակականությունն է, որոնք ոչ մի պահ չեն դադարելու: Կրթական համակարգը դատապարտված է սպասարկելու տնտեսության և հասարակության զարգացումը: Գալիք 5 տարիներին փոփոխություններն անխուսափելի են՝ անկախ այդ փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ խոսակցություններից. ես չեմ վախենում փոփոխություններից, ես չեմ վախենում քննադատությունից»",- նշել է Արմեն Աշոտյանը : Նրա խոսքով՝ այժմ մշակվում է ժամանակացույց, թե ինչպես են իրականացվելու նախանշված ծրագրերը՝ ըստ տարիների:

Առաջիկա հինգ տարիներին կրթության ոլորտի կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է՝ 9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության: «Այժմ ՀՀ Սահմանադրությամբ պարտադիր է համարվում հիմնական դպրոցի կրթությունը, որն ավարտվում է 9-րդ դասարանում: Նախատեսվում է, որ այդ շեմը կբարձրացվի, և կսահմանվի պարտադիր 12-ամյա կրթության անցնելու կարգ: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո պարտավոր կլինի կրթությունը շարունակել կամ ավագ դպրոցում, կամ էլ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Սա նշանակում է, որ բարձրացնելու ենք հասարակության կրթական ցենզը՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթությունը լինելու է անվճար. այս ոլորտում մենք անցնելու ենք տոտալ անվճար համակարգի»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 9-րդ դասարանն ավարտող շուրջ 4 հազար շրջանավարտ չի շարունակում կրթությունը: Ըստ նրա՝ որպես այդ ծրագրի իրականացմանը միտված առաջին քայլ նախ պետք է համապատասխան օրենք ընդունվի: