26 հունիսի 2012 - 17:42 AMT
Հանրակրթական դպրոցների աշակերտները ազգային երգ ու պար կսովորեն

Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Առաջիկա հինգ տարիներին կրթության ոլորտի կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է՝ 9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության: Գերակայությունների թվում նախարարը նշել է, որ նախատեսվում է դպրոցական ծրարգրերում ներառել նոր առարկա՝ ազգային երգ ու պար:

«Թեև այս ծրագիրը ներառված է կառավարության ծրագրի մշակույթի ենթաբաժնում, բայց այն պետք է իրականացվի կրթության նախարարության հետ համատեղ: Նպատակը սեփական ինքնության ճանաչման և ինքնագիտակցման բարձրացումն է, ինչ շատ կարևոր է՝ հատկապես գլոբալիզացիայի ռիսկերով պայմանավորված: Լավագույն մասնագետները կընդգրկվեն ծրագրերի և դասագրքերի մշակման գործընթացում»,-նշել է Ա.Աշոտյանը և հավելել, որ առայժմ որոշված չէ, թե այդ առարկան որ դասարաններում կներդրվի, հարցը դեռ ուսումնասիրվում և քննարկվում է մասնագիտական շրջանակներում:

Նախարարը, նկատի առնելով «Շախմատ» առարկայի ներդրման փորձը, համոզմունք է հայտնել, որ առարկայի ներմուծման համար 2-3 տարի կպահանջվի. «Մենք պետք է նաև մասնագետների, մանկավարժ-հոգեբանների հետ խորհրդակցենք, որպեսզի հստակ լինի, թե հատկապես որ դասարաններում առավել արդյունավետ կլինի այդ առարկայի ներմուծումը»,- պարզաբանել է նախարարը: