26 հունիսի 2012 - 17:45 AMT
Արմեն Աշոտյան. Մինչև 2017թ. պետք է ունենանք միջազգային հավատարմագրում անցած 5 բուհ

Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Բուհական ոլորտում սպասվող բարեփոխումներից նախարարն առանձնացրել է բուհական ազատությունների ընդլայնումը և բուհերի միջազգային հավատարմագրումը: Պետական բուհերը, ըստ նախարար Աշոտյանի, տարեցտարի պետք է վերափոխվեն հանրային բուհերի: Այդ ծրագրի փորձնական մեկնարկը տրված է Ագրարային համալսարանում, ինչով պայմանավորված էլ՝ փոխվել է բուհի իրավաբանական կարգավիճակը:

Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պետական ագրարային համալասարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել է հիմնադրամի, ինչը գործունեության ավելի մեծ ազատություններ է ենթադրում: Կարևորելով բուհական կրթության որակի բարձրացումը՝ նախարարը որպես նպատակ հստակացրել է. «Մեզ համար խիստ կարևոր է, որ մինչև 2017 թվականն ունենալ ենք հայաստանյան 5 բուհեր, որոնք կանցնեն միջազգային հավատարմագրում: Դա դիտվելու է որպես ուսանողներ ներգրավելու և կրթության որակի գլխավոր չափանիշներից մեկը: Նախարարությունը խրախուսում է այդ գործընթացը. բուհերն իրենք պետք է դիմեն հավատարմագրման համար և անցնեն այդ գործընթացը, եթե, իհարկե, համապատասխանում են միջազգային պահանջվող չափանիշներին»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ հավատարմագրման չափանիշները սահմանվում են միջազգային բուհական հավատարմագրում իրականացնող կառույցների կողմից:

«Առաջիկա երեք տարիներին Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը, ինչը հնարավորություն կտա մեր երկրում կենտրոնացնել եվրոպական լավագույն փորձը բարձրագույն կրթության ոլորտում, ինչը ևս կխթանի բարեփոխումների արդյունավետությունը»- նշել է նախարարը:

Նա կարևորել է նաև բուհերում ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանության մշակումը: «Անկեղծ ասած՝ ինձ համար ևս ուսման վարձի հաշվարկման սկզբունքները շատ դեպքերում անհասկանալի են. Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ որևէ մասնավոր բուհում բարձրագույն իրավաբանական կրթություն՝ պետության կողմից երաշխավորված դիպլոմով կարելի է ստանալ՝ վճարելով տարեկան 180 հազար դրամ, իսկ Երևանի պետական համալսարանում նույնի համար պետք է վճարել օրինակ 800 հազար դրամ:

Ակնհայտ է, որ այստեղ խնդիր ունենք հասկանալու՝ որն է տվյալ մասնագիտության համար արժանահավատ գնագոյացումը, խնդիր ունենք նաև սահմանելու ուսման վարձի վերին շեմ»,- նշել է Ա. Աշոտյանը:

Բուհերի ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումը, ըստ Աշոտյանի, պետք է միտված լինի բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը լուծմանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունքի իրացմանը: Ընդգծելով, որ սոցիալական շերտավորմամբ պայմանավորված բուհական կրթության հասանելիությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, ինչը փաստել են նաև հետազոտությունները, նախարարը նշել է. «Մենք տարաբնույթ մեխանիզմներով խրախուսելու ենք սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը»: