26 հունիսի 2012 - 18:03 AMT
Արմեն Աշոտյան. Գիտության ոլորտում մենք պետք է ֆինանսավորենք մրցունակ ծրագրեր

Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նախարարը շտել է նաև գիտության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: «Գիտության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները չեն լինելու հեշտ, հաճելի և միանշանակ ընկալելի հասարակության կողմից»,- նշել է նախարարը և հավելել, որ գիտության այժմյան տարանջատված կառավարումն արդյունավետության տեսակետից խոցելի է:

«Մենք պետք է ֆինասավորենք մրցունակ հետաքրքիր ծրագրեր՝ իհարկե շեշտադրելով հայագիտական ոլորտի զարգացումը»,-ասել է նախարարը:

Նախարարի գնահատմամբ ընդունելության քննություններն անցնում են շատ բնականոն: Նրա խոսքով՝ նախարարությունը դիմում–բողոքներ գրեթե չի ստացել, ԶԼՄ-ների արձագանքը ևս քննությունների վերաբերյալ հիմնականում դրական է:

«Եկե՛ք դուք էլ խոստովանեք, որ նման բարձր մակարդակի ընդունելության քննություններ Հայաստանում վաղուց չէին անցկացվել։ Ես քննությունների հետ կապված բողոքներ գրեթե չեմ ստացել, հակառակը՝ հաճախ մոտենում են ծնողներ և շտեմարանների և այլ բարեփոխումների համար շնորհակալություն հայտնում»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննություններին՝ նախարարը նշել է, որ պետպատվերի շրջանակում ընդունելությունն արդեն ավարտվել է: Նախարարը իրազեկել է, որ ասպիրատնուրայում և մագիտրատուրայում այս տարի տարկետման իրավունքով պետպատվեր թափուր տեղեր կան, ինչը, ըստ նրա, պայմանավորված է օտար լեզվի իմացության պահանջի խստացմամբ:

«Այս պահին ասպիրանտուրայում ունենք 11 թափուր տեղ. դեռևս բժշկական մասնագիտությունների համար ընդունելությունն ավարտված չէ: Մագիստրատուրայում ունենք 39 անվճար թափուր տեղեր, որոնք բոլորը, կառավարության կողմից հատկացված 99 լրացուցիչ տեղերի հետ միասին, հատկացվելու են են բանակից զորացրվածներին»,- նշել է նախարարը և հավելել.- «Այս ծրագիրն ապացուցում է, որ զինծառայությունը չի տարանջատվում կրթությունից, այլ հակառակը՝ մենք խրախուսում ենք այն տղաներին, ովքեր զինծառայությունից հետո որոշում են շարունակել կրթությունը»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ նախարարը նշել է, որ 2018 թվականից միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները իրավունք չեն ունենա դասավանդել դպրոցում: Ըստ նախարարի՝ օրենքն ընդունվել է 2011 թվականին, հետևաբար, դպրոցներում աշխատող ավելի քան 5000 բարձրագույն կրթություն չունեցեղ մանկավարժները 7 տարի ժամանակ ունեն համպատասխան կրթություն ստանալու և օրենքի պահանջը կատարելու համար: Անդրադառնալով բուհական պետական ավարտական քննություններին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դրանք այս տարի առաջին անգամ անցկացվել են նոր կարգերի համաձայն:

Պետական քննությունների հետ կապված բողոքների հոսքը դեպի նախարարություն այս տարի նվազել է, քանի որ նոր կարգով քննությունները ձայնագրվում և 48 ժամ պահպանվում են, ինչը հնարավորություն է ընձեռում ուսանողներին անհարաժեշտության դեպքում բողոքարկել և պաշտպանել սեփական իրավունքները: