Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանում է «Բարգավաճ Հայաստանին» և այն ընդդիմություն համարում

Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանում է «Բարգավաճ Հայաստանին» և այն ընդդիմություն համարում

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ Երևանում, հանդես է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտպանությամբ` կտրուկ քննադատելով նրանց, ովքեր ԲՀԿ-ին «կեղծ ընդդիմություն» են համարում:

Նրա խոսքով` կասկածամիտները որպես իրենց դիրքորոշման ապացույց հիմնականում բերում են երկու փաստարկ` «Բարգավաճի» ցանկացած գործողության ետևում տեսնում են «Ռոբերտ Քոչարյանի ականջները» և վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնում ժողովրդին, և հասարակությանն ամեն կերպ համոզում, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան հայտարարություն չի արել։

Տեր-Պետրոսյանը գտնում է, որ դրանով իսկ այդ կասկածամիտները փորձում են ներկայացնել Սերժ Սարգսյանին` որպես չարյաց փոքրագույնը` հաշվի առնելով, որ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և մարտի 1-ին հեղված արյունից հետո Հայաստանի ամենամեծ չարիքն է:

Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են:

Նրա խոսքով` ԱԺ կանոնակարգի` ընդդիմություն լինելու մասին հայտարարելու վերաբերյալ դրույթը պարզապես իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով պետք է վերացվի։

Տեր-Պետրոսյանը հավելել է, որ իբր անկախ ԶԼՄ-ներն ու քաղաքական ուժերը, այդ թվում նաև Հայ ազգային կոնգրեսից անջատված տարրեր անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել և, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը և քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ համագործակցությունը վիժեցնելու համար` «նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»։

«Նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է` «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը»,- նկատել է նա:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ այժմ իշխանությունը զանազան ճնշումների մեխանիզմներ է կիրառում «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ, և այս կապակցությամբ հայտնել է, որ տարիներ շարունակ ՀԱԿ-ը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, բայց «որևէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչև վերջնական հաղթանակ»:

Նրա խոսքով, եթե այդ ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա` որպես քաղաքական գործոնի վերջը:

ՀԱԿ-ի ղեկավարը նշել է, որ ԲՀԿ միակ ճանապարհն իրական ընդդիմություն դառնալն է, իսկ բոլոր մնացած քաղաքական ուժերը պետք է օգնեն նրան այդ գործում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---