27 հունիսի 2012 - 15:46 AMT
Ուրի Քեյնը դեմ չէ մյուս անգամ Երևանում Կոմիտաս նվագել

Անվանի ամերիկացի ջազ դաշնակահար, «Գրեմմի» մրցանակաբաշխության նոմինանտ, ջազ և դասական երաժշտական բազմաթիվ փառատոների մասնակից Ուրի Քեյնը դեմ չէ մյուս անգամ հայ հանդիսատեսին ներկայանալ Կոմիտասի իմպրովիզներով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց դաշնակահարը:

Հունիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Քեյնի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համերգը: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Դաշնակահարն ասաց, որ մինչ Երևան ժամանելը նա երբևէ չէր լսել Կոմիտաս, և նրան այստեղ շատ դուր եկան նրա ստեղծագործությունները: Այն հարցին, արդյո՞ք դժվար չէ իմպրովիզներ անել Կոմիտասի ստեղծագործություններով, նա ասաց, որ կարևորը ստեղծագործության կառուցվածքին տիրապետելն է: