28 հունիսի 2012 - 20:32 AMT
Christie’s-ը Եվրոպայում ժամանակակից արվեստով ռեկորդ է սահմանել

Christie’s աճուրդային տունը հունիսի 27-ին Լոնդոնում աճուրդի էր հանել հետպատերազմական և ժամանակակից արվեստի նմուշներ: Ինչպես գրում է Lenta.ru-ն, աճուրդի կայքը հաղորդում է, որ այդ երեկո շահույթը կազմել է 207,3 միլիոն դոլար, ինչը Եվրոպայում ռեկորդային ցուցանիշ է այդ սեգմենտի համար:

Աճուրդի ժամանակ վաճառվել է ներկայացված լոտերի 87 տոկոսը, ինչպես նաև հինգ համաշխարհային ռեկորդ է սահմանվել, այդ թվում ռեկորդ է սահմանել Իվ Կլայնի Le Rose du bleu (1960) աշխատանքը, որը աճուրդի տոպ-լոտն է դարձել: Սպունգից, կոպիճից, սինթետիկ ռետինից տախտակի վրա չոր պիգմենտի միջոցով ստեղծված կտավը հեռախոսով անհայտ գնորդին է վաճառվել 36,7 միլիոն դոլարով: Այսպիսով Իվ Կլայնը դարձել է Ֆրանսիայի ամենաթանկարժեք հետպատերազմյան նկարիչը:

Ընդհանուր առմամբ հինգ լոտ վաճառվել է 10 միլիոն դոլարը գերազանցող գումարով, մասնավորապես` Ժան-Միշել Բասկիայի «Անանուն» (1981) կտավը, որում ձեռքերը վեր բարձրացրած ֆիգուր է պատկերված: Նկարը վաճառվել է 20,17 միլիոն դոլարով, ինչը նույնպես աճուրդային արժեքի ռեկորդ էր ամերիկյան հեղինակի ստեղծագործությունների համար:

33,6 միլիոն դոլար է վճարվել Ֆրենսիս Բեկոնի «Ինքնանկարի էսքիզի» (1964) համար:

Նախօրեին` հունիսի 26-ին, հետպատերազմական և ժամանակակից արվեստի գործերի աճուրդ էր անցկացրել նաև Christie’s-ի գլխավոր մրցակից Sotheby’s աճուրդային տունը, սակայն վերջինիս արդյունքները շատ ավելի համեստ էին, քանի որ լոտերի մեծամասնությունը վաճառվել է գնահատվածի ստորին սահմանային արժեքով: