ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ, պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, կքննարկվեն Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջեւ փոխգործակցության հարցեր:
Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կամփոփեն կատարված աշխատանքները, կքննարկեն համագործակցության ուղղություններն ու կոնկրետ ծրագրերի վերաբերյալ անելիքները: Նշենք, որ Արագածոտնի մարզը համագործակցում է Հադրութի շրջանի, Արմավիրի մարզը` Շուշիի շրջանի, Շիրակի մարզը` Ասկերանի շրջանի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը` Քաշաթաղի շրջանի, Տավուշի մարզը` Մարտակերտի շրջանի հետ: Արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում: