28 հունիսի 2012 - 16:55 AMT
Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահը քննարկել են եթերային նոր քաղաքականություն մշակելու հարցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են հեռուստատեսության խնդիրներն ու եթերային նոր քաղաքականություն մշակելու հարցը:

Նրանք անդրադարձել են վերջերս մի շարք մտավորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահին ուղղված նամակը, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

ՀՀ նախագահը, կարևորելով բարձրացված խնդիրները, դիմել է Հանրային խորհրդին` իր հովանու տակ առնել հարցը` Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ և մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ հարցը բազմիցս է բարձրացվել Հանրային խորհրդի կողմից և գտնվում է Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում: Նա պարտավորվել է մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված հանրային քննարկումների հիման վրա: