29 հունիսի 2012 - 15:43 AMT
Կանցկացվի «Բնությունը մեր տունն է. մաքուր պահենք այն» խորագրով բնապահպանական ակցիա

«Հեյֆեր Հայաստանը. և նրա գործընկեր «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն «ԱՅՈ» մանկապատանեկան համայնքային ակումբների սաների և ուսուցանողների մասնակցությամբ կազմակերպում է բնապահպանական ակցիա «Բնությունը մեր տունն է. մաքուր պահենք այն» խորագրով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են «Հեյֆեր Հայաստան»-ի լրատվական ծառայությունից` միջոցառումը տեղի կունենա 2012թ. հուլիսի 3-ին «Սևան» ազգային պարկի Սևան մասնաճյուղի Նորաշեն արգելոցում: Միջոցառումը կսկսվի ժամը 12:00-ին:

Բնապահպանական ակցիայի շրջանակներում կանցկացվի բաց դաս «Սևանա լճի ռազմավարական նշանակությունը ՀՀ բնակչության համար» թեմայով, ինչպես նաև կկազմակերպվի տարածքի մաքրում և աղբահանություն «Սևան» ազգային պարկի Սևան մասնաճյուղի Նորաշեն արգելոցում: Ակցիան կեզրափակվի Սևանա լճի վերաբերյալ խաղ-վիկտորինայով:

Միջոցառմանը կմասնակցեն «ԱՅՈ» մանկապատանեկան ակումբների շուրջ 90 սաներ և ուսուցանողներ Հայաստանի Հանրապետության Արփի, Արենի, Գետափ, Խոր Վիրապ, Նուռնուս, Սևան և Վերին Գետաշեն համայնքներից:

«Հեյֆեր Ինթերնեյշնլը» բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է հաղթահարել սովն ու աղքատությունը և հոգալ շրջակա միջավայրի մասին: Կազմակերպությունը կարիքավոր ընտանիքներին տրամադրում է ընտանի կենդանիներ, ծառեր, սերմեր և ուսուցում: Սկսած 1944թ.-ից Հեյֆերն աջակցել է ավելի քան 125 երկրում ապրող շուրջ 15.5 միլիոն կարիքավոր ընտանիքների դառնալ ինքնապավեն: