12 հոկտեմբերի 2004 - 19:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Յան Պետերսենին, որը տարածաշրջանային այցով գտնվում է Հարավային Կովկասի երկրներում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, մասնավորապես, անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Նախագահը ներկայացրել է հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ խնդրի լուծման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Այդ առումով Յան Պետերսենը կարեւորել է տարածաշրջանային փոխշահավետ համագործակցությունը, որը, նրա կարծիքով, կարող է դառնալ հակամարտությունների կարգավորմանը նպաստող լուրջ գործոն: Ռ.Քոչարյանն իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումները` երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ակտիվացման համատեքստում: