12 հոկտեմբերի 2004 - 23:12 AMT
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄՀ ԵՎ ՀԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 3-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը կքննարկի Հայաստանին Աղքատության կրճատման եւ տնտեսական աճին աջակցման վարկային ծրագրի շրջանակներում 10 մլն վերջին վարկաբաժնի տրամադրման հարցը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով` այդ հարցը քննարկվել է վերջերս Վաշինգտոնում իր գլխավորած կառավարական պատվիրակության եւ ԱՄՀ-ում եվրասիական տարածաշրջանի համար պատասխանատու Էնրիկե Գելբարտի հետ հանդիպման ընթացքում: Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը հետագայում էլ մտադիր է շարունակել իր համագործակցությունը այդ միջազգային կազմակերպության հետ: Վ.Խաչատրյանը տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կկարողանա ստանալ Համաշխարհային բանկից 20 մլն դոլար գումարի վարկ: Նրա խոսքերով` Հայաստանին վարկի տրամադրման հարցը կքննարկվի ՀԲ տնօրենների խորհրդի նոյեմբերի 18-ին կայանալիք նիստում: