Ադրբեջանցի պարողներին վտարել են ավստրիական թատրոնից «Գայանե» բալետին մասնակցելուց հրաժարվելու համար

Ադրբեջանցի պարողներին վտարել են ավստրիական թատրոնից «Գայանե» բալետին մասնակցելուց հրաժարվելու համար

PanARMENIAN.Net - Ավստրիական Europaballett St.Pölten թատրոնի ազգությամբ ադրբեջանցի պարողներ Մեհման և Նարիման Մարդանովները վերադարձել են Բաքու, քանի որ հրաժարվել են մասնակցել հայ նկարչուհի Գայանե Խաչատուրյանին նվիրված «Գայանե» մեկ գործողությամբ բալետին: Ինչպես հայտնում է novostink-ը, «Գայանեն» բեմադրել է Միխաել Ֆիխտենբաումը, որը Ավստրիայի Europaballett St.Pölten-ի գեղարվեստական ղեկավարն է: Բեմականացման մեջ օգտագործվել են Ալֆրեդ Շնիտկեի, Իգոր Լոբոդայի, Ժորժ Դելերյուի, Գենրի Գորսկու ու այլոց երաժշտական կոմպոզիցիաները: Գայանեի դերում հանդես է եկել Քրիստին Շանտալը (Կռիլովա): «Գայանե» բալետին պետք է մասնակցեին նաև ադրբեջանցիներ Մեհման և Նարիման Մարդանովները, որոնց ժամանակին ընդունել էին Europaballett St.Pölten Ադրբեջանի մշակույթի նախարարի անձնական խնդրանքով: Սակայն, ադրբեջանցիները հրաժարվել են մասնակցել նախագծին, պատճառաբանելով դա նրանով, որ Գայանե Խաչատուրյանը հայ է: Europaballett St.Pölten-ի ողջ կոլեկտիվը, գեղարվեստական ղեկավար Ֆիխտենբաումի գլխավորությամբ, մեղմ ասած, տարակուսանքի մեջ էին՝ չհասկանալով, թե ինչպես կարող են երիտասարդ պարողները, հայտնվելով համաշխարհային բեմում, հրաժարվել մասնակցել բալետին նկարչուհու ազգային պատկանելության պատճառով: Սկանդալին միջամտել է Ավստրիայի մշակույթի նախարարը՝ պահանջելով ադրբեջանցի պարողներից լքել երկիրը: Մարդանով եղբայրներն արդեն Բաքվում են:

Ըստ նախագծի համակարգող, կոլեկցիոներ, «Գայանե Խաչատուրյան» հիմնադրամի նախագահ Վալերի Խանուկաևի, այս փաստը վրդովմունք առաջացրեց ավստրիական հանրության շրջանում: Անհնար է հասկանալ ադրբեջանցիների դրդապատճառները, որոնք ոչ միայն խախտել են վարվելակարգի կանոնները, գտնվելով բարձր արվեստի տանը, այլ նաև ղեկավարվել են բացահայտ այլատյացության նկատառումներով: Ըստ Մարդանով եղբայրների տրամաբանության, մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի երաժշտությունը չպետք է հնչի այնտեղ, որտեղ ադրբեջանցիներ կան: Խանուկաևը կարևորել է հանդուրժողականության սերմանումը երիտասարդության շրջանում: Անընդունելի է բեմ բարձրանալ բացահայտ ատելությամբ լեցուն որևէ մեկի հանդեպ: Նշենք, որ Ավստրիայում շարունակվում է հայտնի հայ նկարչուհի Գայանե Խաչատուրյանի նկարների ցուցահանդեսը: Հոբելյանական նախագիծը, նվիրված նկարչուհու ծննդյան 70-ամյակին, շարունակում է իր երթը Ավստրիայի քաղաքներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---