30 հունիսի 2012 - 15:25 AMT
Աղվերանում կքննարկվեն զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող արտադատական կարգավորման հարցերը

Աղվերանում այսօր մեկնարկել է զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական կարգավորմանը նվիրված լրագրողների և իրավաբանների համար կազմակերպված երկօրյա սեմինարը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԵԱՀԿ երևանայան գրասենյակի լրատվական ծառայութունից` միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը, նպատակ ունի տեղեկացնել լրագրողներին և իրավաբաններին Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) աշխատանքի մասին` որպես այլընտրանքային մարմին, որը կարող է լուծել լրատվամիջոցներին առնչվող վեճերը: Խորհուրդը հիմնադրվել է 2011թ.–ի մայիսին` ի պատասխան մամուլի դեմ զրպարտության հայցերով դատավարությունների թվի զգալի աճի:

Տեղեկատվական վեճերի խորհրդի մանդատն է պաշտպանել խոսքի ազատությունը և բարելավել տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև պաշտպանել մարդկային արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` հրապարակելով փորձագիտական կարծիքներ ու առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի հիման վրա, այն դեպքերի համար, երբ դատական վեճեր են առաջանում:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն Խորհրդի կողմից մշակված կարծիքները, ինչպես նաև վերլուծել զրպարտության և վիրավորանքին վերաբերող դատական հայցերը: Կարևորելով Տեղեկատվական վեճերի խորհրդի դերն ու աջակցելով այդ մարմնի գործունեությանը` կազմակերպիչները հուսով են խթանել Հայաստանում խոսքի ազատության առավել արդյունավետ պաշտպանությունը` ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան: