2 հուլիսի 2012 - 11:43 AMT
Երևանում կանցկացվի «Գուտենբերգից մինչև ինտերնետ» եռօրյա գիտաժողովը

Հուլիսի 3-5-ը «Գուտենբերգից մինչև ինտերնետ.անավարտ պատմություն գրադարանների համար» նշանաբանով Երևանում կանցկացվի գրադարանագիտության արդի խնդիրներին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողով:

Այն կազմակերպվել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ և մշակույթի նախարարության, Ազգային գրադարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» միջազգային կոնսորցիումի նախաձեռնությամբ:

Եռօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում գիտաժողովի մասնակիցները կանդրադառնան այսօր զարգացող երկրներում մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի, «Բաց մատչելիության» սկզբունքի հիման վրա գիտական ամսագրերի հրատարակման խնդիրներին, ինչպես նաև գրադարաններին ազատ կոդերով ծրագրերի ներկայացման փաթեթներին, որոնք տարածվում են անվճար, սպասարկվում են գրադարանավարների ուժերով և մեծ տարածում ունեն ամերիկյան և եվրոպական գրադարաններում: Գիտաժողովի պլենար զեկուցումների և աշխատանքային քննարկումների ընթացքում մասնակիցները կծանոթանան նաև եվրոպական և հյուսիսամերիկյան երկրներում գրադարանային ոլորտում կուտակված փորձին ու նոր ձեռքբերումներին: Բացի այդ,միջազգային շուկայում առաջատար 13 հրատարակիչներ, որոնց անուններն արդեն ինքնին խոսում են տվյալ հրատարակչական կառույցի մասին, գիտաժողովի մասնակիցներին կցուցադրեն իրենց արտադրանքը: Երևանյան համաժողովի հիմնական բանախոսներն են լինելու Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի իրավունքի քոլեջի պրոֆեսոր Միքայել Քերոլլը և Առնոլդ Հիրշոնը: Զեկուցումներով հանդես կգան նաև Ռոնալդ Շնայդերը (Նիդերլանդներ),Կատյա Ռապուսը (Սլովենիա) և Ելենա Միրոնովան (Տարտուի համալսարան): Գիտաժողովն իր աշխարհագրական լայն ընդգրկմամբ և մասնակից գրադարանավարների մասնագիտացմամբ (հանրային, համալսարանական, հետազոտական), ինչպես նաև քննարկվող թեմաների արդիականությամբ կարևորագույն իրադարձություն է գրադարանագիտության ոլորտում: Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը:

Կոնսորցիումը `Electronic Information for Libraries – eIFL, որ ստեղծվել է 1999 թվականին, իր գոյության տասներեք տարիների ընթացքում հասցրել է ակտիվ գործակցություն սկսել տարբեր երկրների գործընկերների հետ և այժմ արդեն իր շարքերում համախմբում է գրադարանային միավորումներ աշխարհի 48 երկրներից ` ինչպես զարգացող և անցումային փուլում գտնվող, այնպես էլ՝ Եվրամիության անդամ պետություններից։ Արդեն մեկ տասնամյակից ավելի կոնսորցիումն աշխատում է «Գիտելիք առանց սահմանների» անփոփոխ կարգախոսով և հաջողել է մեծ հեղինակություն ձեռք բերել մասնագիտական կառույցներում: