2 հուլիսի 2012 - 12:14 AMT
Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա 14:00-ին

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին /հանրությանն առավել հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ/ պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների և թիկնազորի անդամների դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ, ՀՀ Զինված ուժերի սպա, մայոր ՎահեԱվետյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 14:00-ին` Դրոյի 83 հասցեից: Այս մասին տեղեկանում ենք Վահե Ավետյանի հուղարկավորւթյան կազմակերպման հանրային հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից։

«Սգո թափորը հարգանքի տուրք կմատուցի անպատժելիության արատավոր մշակույթին զոհ գնացած հայ սպային` ուղեկցելով նրան մինչև Զեյթունի գերեզմանատուն, իսկ հուղարկավորությունից հետո ԴավիթԱնհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթուղով կշարժվի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր մտահոգված են տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը բազմիցս ահաբեկած և այս արատավոր համակարգի հետ սերտաճած հանցագործ օլիգարխներին օրենքի իշխանությանը ենթարկելու ու օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու համար, այլևս չենք հանդուրժելու այդ հանցագործներին հովանավորող պետական իշխանության անգործությունը: Մենք ինքնակազմակերպվելով անհաղթահարելի ուժ ենք դառնալու և մեր հետևողական գործողություններով քայլ առ քայլ հասնելու ենք օրենքի գործադրմանը, հանցավոր համակարգին սերտաճած Նեմեցին և նրա բուծած ստահակներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկմանը,ինչպես նաև նրա բարոյական ու ֆինանսական սնանկացման:

Բոլոր մտահոգ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք միանալ այս ակցիային: Մենք ենք մեր երկրի տերն ու երաշխավորը»,–նշված է հաղորդագրության մեջ։

1.Ժաննա Ալեքսանյան, լրագրող 2.Անահիտ Բախշյան, մանկավարժ 3.Լիլիթ Գալստյան, քաղաքագետ 4.Վարդգես Գասպարի, քաղաքացիական ակտիվիստ 5.Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս 6.Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար 7.Հրանուշ Խառատյան, ազգագրագետ 8.Նազարեթ Կարոյան, արվեստաբան 9.Կարինե Հակոբյան, հրապարակախոս 10.Արսեն Համբարյան, երգիչ, երգահան 11.Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր 12.Նվարդ Մանասյան, դասախոս 13.Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս 14.Զարուհի Մուրադյան, նկարիչ 15.Եղիա Ներսիսյան, բնապահպան 16.Գարեգին Չուգասզյան, համակարգային վերլուծաբան 17.Արծրուն Պեպանյան, վերլուծաբան, լրագրող 18.Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ