3 հուլիսի 2012 - 12:48 AMT
Հաշմանդամություն ունեցող 100 երեխաներ կհանգստանան Սևանում

«Կապուտակ Սևան» հանգստավայրում հուլիսի 10-ից իրենց հանգիստը կանցկացնեն շուրջ 100 հաշմանդամություն ունեցող երեխաներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Նա նշեց, որ հանգիստը կանցկացնեն երեք հերթափոխով` յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ։ Առաջին և երկրորդ հերթափոխին կմասնակցեն 5-15 տարեկան երեխաները, իսկ երրորդին` 20-22։

«Այդ ընթացքում հանգստարանում կլինի նաև Հայաստանի առագաստային սպորտի թիմը, որը երեխաների համար մարզումներ կկազմակերպի»,–ասաց Աբրահամյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի հովանավորությամբ, որի համար տրամադրվել է 9 միլիոն դրամ:

Հայաստանում, ըստ Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միության տվյալների, 178 հազար հաշմանդամություն ունեցող կա: