3 հուլիսի 2012 - 15:09 AMT
Ուրբաթ օրը Թեհրանում կհարգեն Վահե Ավետյանի հիշատակը

Հուլիսի 6-ին Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու զինված ուժերի մայոր Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես նշում է Թեհրանի «Հայելի» համահայկական էջը, Հայաստանում տեղի ունեցող նման դեպքերը ուղղակի կապ ունեն ու վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ բնակության վայրից: «Հոգեհանգստի արարողությանը մասնակցելով՝ մասնակցում ենք Վահեի հետ կատարվածի դեմ բողոքին հանուն Հայաստանում արդարության ու օրենքի իշխանության»,-նշված է կայքում:

Աճառյան 29 հասցեում գտնվող, ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալում Վահե Ավետյանը այդպես էլ ուշքի չգալով, մահացել է: