3 հուլիսի 2012 - 16:47 AMT
Եգիպտոսի նոր նախագահը ձգտում է համաձայնության գալ երկրի զինվորականների հետ, գտնում են Հայաստանում

Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմեդ Մուրսին ցանկանում է համաձայնության եզրեր գտնել երկրի բարձրաստիճան զինվորականների հետ, ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հուլիսի 3-ին Երևան-Մոսկվա «Մերձավորարևելյան նոր իրողությունները. Մարտահրավերներ Մոսկվայի ու Երևանի համար» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ: Ըստ նրա, Եգիպտոսը նոր ուղիների փնտրտուքի մեջ է, որի ուղղությունները դեռ բավականին մշուշոտ են:

Միաժամանակ, նա համակարծիք էր ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սաժինի հետ այն հարցում, որ այստեղ հարկավոր է հաշվի առնել արտաքին գործոնը, ի դեմս ԱՄՆ-ի, որը մեծ ռազմական օգնություն է ցուցաբերում՝ մոտ 1 մլրդ դոլար: Նա հիշեցրել է նաև Մուրսիի այն հայտարարությունը, որ նա չի միջամտելու ռազմական բյուջեին: «Այսինքն զինվորականները երաշխիք են ստացել, որ ԱՄՆ-ից ստացած օգնության մի մասը զինվորականների գրպանում կհայտնվի: Ուստի, ԱՄՆ-ն շարունակում է ազդել Եգիպտոսի քաղաքական իրավիճակի վրա»,-ասել է նա:

Ըստ Վլադիմիր Սաժինի, Եգիպտոսն այսօր դրամական միջոցների կարիք ունի և հետհեղափոխական ճգնաժմի մեջ է: Ռուբեն Սաֆրաստյանը հավելել է, որ Եգիպտոսը կարող է կրկնել Թուրքիայի իրավիճակը, որտեղ իշխանությունն աստիճանաբար անցնում է զինվորականներից քաղաքացիական կառավարությանը:

Հեռուստակամուրջի մասնակիցները համակարծիք էին, որ Ռուսաստանի ու Հայաստանի համար չափազանց կարևոր է կայունությունը Մերձավոր Արևելքում: