3 հուլիսի 2012 - 16:51 AMT
Հայաստանն արդեն 6300 տոննա ծիրան է արտահանել

Հայաստանն արդեն 6300 տոննա ծիրան է արտահանել այս տարի, ևս մոտ 3000 տոննա գտնվում է պահեստներում: Այդ մասին հուլիսի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Այս կապակցությամբ նա հավելել է, որ այս տարի ծիրանի լավ բերք է ստացվել, ուստի արտահանման ծավալը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Նրա խոսքով` 2011թ. ծիրանի բերքը կազմել էր 48 000 տոննա, որից 7300 տոննան արտահանվեց, իսկ 2800 տոննան գնեցին վերամշակող ընկերությունները:

Իսկ ինչ վերաբերում է ցածր գնման գնի վերաբերյալ գյուղացիներից ստացվող բողոքներին, ապա նախարարն այս կապակցությամբ նշել է, որ բարձր պահանջարկը շուկայում ինքն է թելադրում գները: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի շուկաներում 1կգ ծիրանը կարելի է ձեռք բերել միջինը 300-500 դրամով: