3 հուլիսի 2012 - 16:07 AMT
Քաղաքապետարանը վստահեցնում է, որ 81 համարի երթուղին բնականոն աշխատում է

81 համարի երթուղու աշխատանքը այսօր առավոտյան` ժամը 11.00-ից վերականգնված է:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը. «Մինչև ժամը 11.00-ը երթուղու մեքենաները թերի են եղել, դրանից հետո քաղաքապետարանի ջանքերով վերականգնվել է բնականոն աշխատանքը»:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ ոստիկանությունում 81 համարի երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործի վերաբերյալ որևէ հաղորդում չի ստացվել, իրենք այդ մասին տեղեկություն են ստացել «Ժողովուրդ» թերթից. «Այժմ ոստիկանությունը ուսումնասիրում է մամուլում հրապարակված տեղեկությունը, կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

«Ժողովուրդ» թերթը տեղեկատվություն էր տարածել, որ «Վահե Ավետյանի մահվան օրը Ռ. Հայրապետյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի։ Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել» տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 SO 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից։ Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենան քշես իմ վրա»։ Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ։ Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորոդները։ Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է`81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում։ Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է»: